Օրվա նկար

 

 

 

free counters



Խաժակ Գարեգինը ծնվել է 1867թ. օգոստոսի 6-ին ք. Գյումրի: Ընտանիքը կոչվել է Չախալ Օղլի, որը հետագայում վերանվանվել է Խաժակի կամ Խաժակնյանի: Ծննդավայրում նախնական կրթություն ստանալուց հետո 1883-86թթ. սովորել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: 1886-93թթ. յոթ տարի շարունակ ուսուցիչ է աշխատել Բաքվի, Գանձակի եւ Ագուլիսի ծխական դպրոցներում:              1893-96թթ. սովորել է Ժնեւի համալսարանի փիլիսոփայության բաժնում, որն ավարտելուց անմիջապես հետո մեկ տարի որպես դաշնակցական գործիչ աշխատել է Ալեքսանդրիայում, վեց ամիս Իզմիրում, երկու տարի Կ. Պոլսում: Ութ ամիս բանտարկվելուց հետո աքսորվել է Կովկաս եւ կրկին զբաղվել ուսուցչական գործունեությամբ: Հասարակագիտական բազմակողմանի գիտելիքների տեր լինելով նա հակված էր քաղաքական հակառակորդների հետ բանավիճել խոսքով եւ գրչով: 1895թ. դեռեւս ուսանող եւ միաժամանակ Հ. Յ. Դ. պաշտոնաթերթ «Դրոշակի»-ի խմբագիրներից մեկը երկու ամիս գործել է Բուլղարիայում (Ռուշչուկ, Վառնա, Յամբոլ)՝ քարոզչական նպատակներով, եւ շնորհիվ իր «բուռն խառնվածքի, լավ խոսելու եւ քաջավարժ բանակռվի» կարողացել է ամուր հիքերի վրա դնել իր կուսակցության կառույցների գործունեությունը, տարածել «Դրոշակը»: 1897թ. գործել է Իզմիրում եւ բանակռիվ վարել Մաթեւոս Մամուրյանի հետ: Երկու տարի նա եղել է Շուշիի թեմական դպրոցի վարիչ, հետո 1903թ. տեղափոխվելով Թիֆլիս` անդամակցել է «Մշակ»-ի խմբագրակազմին, վարել ներքին լուրերի բաժինը եւ սրբագրությունը, իսկ 1904թ.-ից Ներսիսյան դպրոցի պատմության, ֆրանսերենի եւ քաղաքատնտեսության ուսուցիչ: 1906թ. Ավ. Ահարոնյանի եւ Ե. Թոփչյանի հետ Թիֆլիսում հիմնել է «Հառաջ» եւ «Ալիք» թերթերը, միաժամանակ եղել «Հառաջ»-ի մատենաշարի վարչության անդամ: 1908թ. Հ. Յ. Դ. տխրահռչակ լիժինյան դատավարության գործով ձերբակալվել է եւ վեցամսյա բանտարկությունից ազատվել երաշխավորությամբ: Ապա կրկին ձերբակալվել է եւ մեկ տարի բանտարկվել Թիֆլիսի (Մետեխ), Բաքվի, Ռոստովի եւ Նավոչերկասկի բանտերում: Լինելով Հ. Յ. Դ. Թիֆլիսի Կենտրոնական կոմիտեի անդամ նա մեղադրվել է հակակառավարական գրքույկներ, կոչ-թռուցիկներ կազմելու եւ քարոզչական նպատակներով դասախոսություններ կարդալու մեջ: Նա մերժել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները: 1912թ. ամռանը Ավ. Ահարոնյանի եւ Ավ. Իսահակյանի հետ մեկնել է Կ. Պոլիս եւ 1913թ. ստանձնել Սամաթիայի ազգային վարժարանի տնօրենի պաշտոնը: Առաջին հոդվածը հրատարակել է 1887թ. մայիսին «Մշակում»-ում «Գավառացի երիտասարդություն» վերնագրով, ապա աշխատակցել «Մուրճ»-ին եւ «Տարազ»-ին: Գ. Խաժակը պարբերական մամուլում հանդես է եկել մի շարք ծածկանուններով. Արծիվյան, Արմեն Գասպար, Բաբա Գասպար, Գասպար, Էմին, Խ., Սլաք: Նա աշխատակցել է հայ բազմաթիվ պարբերականների. «Ազատամարտ», «Առաջամարտ» (Կ. Պոլիս), «Հայրենիք» (Բոստոն), «Հառաջ», «Հորիզոն», «Վտակ», «Ալիք», «Մշակ», «Տարազ», «Գեղարվեստ», «Մուրճ» (Թիֆլիս), «Դրոշակ» (Ժնեւ), «Ռազմիկ» (Վառնա): Բավականին բեղուն է եղել նրա հրապարակախոսական-գիտական գրիչը: 1896թ. հրատարակվել են նրա առաջին` «Մի բարոյական այլանդակություն հեղափոխական մաքուր գործում» եւ «Ժողովրդի բանաստեղծը` Քամառ Քատիպա» գրքույկները, 1903-1904թթ.` «Հարկերը Տաճկաստանում», «Հայրենիք եւ ազգային շարժումներ», «Հայկական շարժման պատճառները», 1905թ.` «Ռուսական Զեմստվոն եւ Կովկասի պահանջները», 1907թ.` «Դեպի ֆեդեռացիա», 1912թ.` «Ի՞նչ է ազգությունը», «Տառապանքի գիշերը», 1913թ.` «Ի՞նչ է դասակարգ», «Հին Արեւելք» գրքերը: Ռուսերենից թարգմանել է Վինոգրադովի երեք հատորանոց «Ընդհանուր ազգաց պատմություն», Ֆ. Դոստոեւսկու, Ն. Օստրովսկու եւ ուրիշների երկերը: Նա խոսում էր ոչ շատ գրական, ժողովրդին մատչելի լեզվով՝ խոսքը համեմելով սրամտություններով եւ առածներով: Տարբեր ժողովներում, հանրահավաքներում եւ լրագրային հոդվածներում անխնա էր իր հակառակորդների հանդեպ՝ ձգտելով երբեք տեղի չտալ: Մեծ Եղեռնի ժամանակ նա պոլսահայ մյուս մտավորականների հետ ձերբակալվում է ու աքսորավայրում դառնում թուրքական հայակեր քաղաքականության զոհը: Անհնար է առանց դույզն իսկ հուզմունքի եւ սրտի ցավի ընթերցել եղեռնաբախտ մտավորականի վերջին նամակները: 1915թ. մայիսին, ապա հուլիսի 4-ին Տիգրանակերտի աքսորավայրից կնոջն ուղղված նամակներում Գ. Խաժակը մասնավորապես գրում էր. «Ինձ հետ են Այաշի բանտարկյալներից հետեւյալները. Ակնունի, Զարդար, Սարգիս Մանասյան, Տաղավարյան, Ճիհանկյուլ: Չենք իմանում թե ինչի՞ մեզ տանում են, բայց մեծ հույս ունիմ, որ նորից կտեսնենք միմյանց: Ահա շուտով կլրանա 48 տարիս, բայց 48 օր հանգիստ վայրկյաններ չեմ ունեցած. հայության անիծյալ ճակատագիրը միշտ հալածած է ինձ, կարծես նա կենտրոնացած է եղել ինձ եւ իմ ընկերների վրա: Դառն, խիստ դառն է այսպես ապրելը եւ մանավանդ այսպես մեռնելը: Ջղայնացած եմ բայց ոչ հուսահատված: Կախաղանի առջեւ, հաստատ համոզված եղիր, երկու պատկեր պիտի լինի աչքիս առջեւ. նախ` հայ ազգի տառապանքը, երկրորդ` ձեր պատկերները: Երբ զավակներս մեծնան տուր նրանց կարդան այս տողերս եւ հետեւեն իրենց հոր շավղին, նվիրվեն իրենց ազգի եւ տառապող ժողովրդի ցավերուն: Թող զավակներս երթան իմ ճամբայով, դառն, բայց ազնիվ ճամբայով»: Անտարակույս, Գ. Խաժակի այս հայրենասիրական պատգամն ուսանելի ուղենիշ է հանուն հայոց ազատության պայքարող սերունդների համար:

Հովանավորներ


Раскрутка и продвижение