Mayr Hayastan
Rus Eng
 

ԱՐՏԱՇԵՍ Ա ԱՇԽԱՐՀԱԿԱԼ ԲԱՐԵՊԱՇՏ

 

Արտաշես Ա Աշխարհակալ Բարեպաշտ (ծն. թ. անհայտ-մ.թ.ա. մոտ 160) - Հայոց թագավոր մ.թ.ա. 189-ից։ Զարեհի որդին Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելեւկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելեւկյան թագավոր Անտիոքոս III Մեծը Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200թ. նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա-ին։ Մագնեսիայի ճակատամարտում, Հռոմից Անտիոքոս III կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը պատմագրության մեջ հիմնադիրի անունով կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես Ա թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձուլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել միայն Փոքր Հայքը եւ Ծոփքը։ Արտաշես Ա վարել է Մերձավոր Արեւելքում գերիշխող Սելեւկյան պետության թուլացման քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելեւկյան դիրքավորումը։ Սակայն, Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմին, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165թ. հարավում Արտաշես Ա բախվել է սելեւկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը եւ պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի եւ գյուղական համայնքների միջեւ ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի եւ ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնց կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել եւ կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքակաշինությունը, գիտության եւ արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա։

վերադարձ

 

Օրվա նկար
Թանգարան
© 2010 Mayr Hayastan
Գործընկերներ
Հովանավորներ

free counters